• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Հնդկաստան (Մումբայ)

20 հոկտեմբերի, 2023

2023թ. հոկտեմբերի 16-19-ը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվել է Հնդկաստանի Մումբայ քաղաքում՝ Հնդկաստանի համաշխարհային ծովային 3-րդ գագաթնաժողովին (GMIS 2023) մասնակցելու նպատակով: 
Հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Համաշխարհային ծովային գագաթնաժողովի (GMIS 2023) մասնակցության շրջանակներում Մումբայում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է Հնդկաստանի արտահանման-ներկրման բանկի (Export-Import Bank of India) գլխավոր մենեջեր Նիրմիթ Վեդի (Nirmit Ved) հետ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Մումբայ ժամանած հայկական պատվիրակության անդամ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ինչպես նաև Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ենթակառուցվածքային մի շարք ծրագրերի, մասնավորապես՝ ճանապարհաշինական և դպրոցաշինական ծրագրերում հնդկական կողմի ֆինանսական, խորհրդատվական և շինարարական մասնակցության գործնական հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնական քննարկումները շարունակել նաև հնդկական ընկերությունների տեխնիկատնտեսական հիմնավորումների և ծրագրերի նախագծերի կազմման հնարավորությունների շուրջ։
Հոկտեմբերի 17-ին Հնդկաստանի Համաշխարհային ծովային գագաթնաժողովի (GMIS 2023) շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կարճատև հանդիպում է ունեցել Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալի հետ։ Վերջինս ողջունել է հայկական պատվիրակության անդամներին։ Երկուստեք կարևորվել է հայ-հնդկական հարաբերությունների ընդլայնման համատեքստում ոլորտային համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է հայ-հնդկական համագործակցությանն ուղղված, ինչպես նաև ենթակառուցվածքային ոլորտում հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր։ Նույն օրը Հնդկաստանի Մումբայ քաղաքում տեղի է ունեցել Հնդկաստանի Համաշխարհային ծովային գագաթնաժողովի (GMIS 2023) բացման պաշտոնական արարողությունը, որի մեկնարկին Հնդկաստանի վարչապետ Շրի Նարենդրա Մոդին տեսակապի միջոցով ողջույնի խոսք է հղել։  
Հոկտեմբերի 18-ին Համաշխարհային ծովային գագաթնաժողովի շրջանակներում կայացած կլոր սեղանի ժամանակ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Հայաստանը՝ տարածաշրջանային հաղորդակցության խաչմերուկ» խորագրով ելույթ է ունեցել։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, որի սահմաններն Արևելքից և Արևմուտքից երեք տասնամյակ շարունակ ցամաքային շրջափակման մեջ են, հանդիսանում է տարածաշրջանային և միջսահմանային ներառական և անաչառ կապի խթանման հավատարիմ ջատագով: «Վստահ ենք, որ Հայաստանի ճանապարհային ցանցը լուրջ ներուժ ունի այս նպատակին հասնելու համար։ Հայաստանի կառավարությունը ջանքեր է գործադրում երկրի համապատասխան ենթակառուցվածքների վերականգնման և արդիականացման ուղղությամբ՝ իրականացնելով Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, որը, Հայաստանի կարողությունները բարձրացնելով, երկրին հնարավորություն կտա լիարժեք մասնակիցը դառնալ ինչպես Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին, այնպես էլ հաղորդակցության այլ նախաձեռնություններին։ Այս կարևոր ռազմավարական ճանապարհի կառուցումը կդյուրինացնի Հայաստանի հարավային սահմանից դեպի վրացական սահման և մինչև Սև ծովի նավահանգիստներ երթևեկությունը և թույլ կտա իրականացնելավելի շատ ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ՝ միջազգային չափանիշներին համապատասխան»,-ընդգծել է նախարարը։ Նախարարի խոսքով՝ Հայաստանը մեծապես շահագրգռված է զարգացնել երկխոսությունը և համագործակցությունը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի, Չաբահար նավահանգստի զարգացման ծրագրի, ինչպես նաև Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի շրջանակներում, որտեղ վերջինս կարող է հաջողությամբ ներառվել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքում: «Գիտակցելով Հարավային Կովկասում առևտրատրանսպորտային հաղորդակցության բոլոր ուղիների բացման կարևորությունը՝ Հայաստանը, տարածաշրջանում բարգավաճման և կայունության ապահովման նպատակով, կառուցողականորեն ներգրավվել է երկխոսության և քննարկումների մեջ և, պայմանավորված Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացման շուրջ քննարկումներով, ներկայացրել է «Հայկական խաչմերուկ» նոր հայեցակարգը, որն, իր հերթին, ունի միջազգային լոգիստիկ շղթաներում լուրջ փոփոխություն մտցնելու և միջազգային բեռնափոխադրումների առումով տարածաշրջանի նշանակությունը վերականգնելու հսկայական ներուժ»,-ասել է նախարար Սանոսյանն իր ելույթում։ Եզրափակելով ելույթը՝ նախարարը վերահաստատել է միջազգային գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի միջև առավել ընդլայնված համագործակցության և համակարգման համատեղ ուղի ձևավորելու ուղղությամբ բոլոր գործընկերների հետ աշխատելու Հայաստանի լիակատար հաստատակամությունը՝ տարածաշրջանային և գլոբալ առավել արդյունավետ կապի խթանման գործում նշանակալից առաջընթաց գրանցելու համար։
Նույն օրը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Մումբայ քաղաքում Հնդկաստանի գլոբալ ծովային գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Հնդկական նավահանգիստների ասոցիացիայի Մումբայ նավահանգստի տնօրեն Ռաջիվ Ջալոտայի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը և ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Հանդիպման ընթացքում Ռաջիվ Ջալոտան ներկայացրել է նավահանգստի հնարավորությունները։ Այնուհետև կողմերը քննարկել են Մումբայ նավահանգստի միջոցով տարանցիկ բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ գործնական քայլերի, ինչպես նաև հնարավոր եռակողմ ձևաչափով գործակցության շուրջ։ Նախարարի տեղակալը նաև շրջել է ցուցահանդեսային տաղավարներով։
Հոկտեմբերի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը հանդիպել են Հնդկաստանի նավահանգիստների, նավային բեռնափոխադրումների և ջրային ուղիների պետական նախարար Շանտանու Թհակուրի հետ։ Քննարկվել է Գյումրիի «չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմը ներգրավվելու հնարավորությունը, լոգիստիկ խնդիրներին վերաբերող, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն առնչվող մի շարք հարցեր։ Գլոբալ ծովային գագաթնաժողովի շրջանակում նախարարի տեղակալը ելույթ է ունեցել նաև Հնդկախաղաղօվկիանոսյան կլոր սեղանի ընթացքում։
Նույն օրը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է Շապուրջի Պալոնջի հոլդինգի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև հայկական պատվիրակության մյուս անդամները՝ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը։ Այս ընկերությունը 15 խոշոր ընկերությունների համաշխարհային, դիվերսիֆիկացված կազմակերպություն է՝ մասնագիտացված շինարարության, ենթակառուցվածքների, անշարժ գույքի, ջրային, էներգետիկ և ֆինանսական ոլորտներում։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ներկա փուլում Հայաստանում ընթացող ենթակառուցվածքային ծրագրերը, դրանց ընթացքը։ Նախարար Սանոսյանը ներկայացրել է տարբեր ոլորտներում առկա շինարարական ծրագրերը։ Մասնավորապես շեշտադրվել է դպրոցաշինության, ճանապարհաշինության ոլորտի ծրագրերը և դրանցում Ընկերության հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցերը։ Շապուրջի Պալոնջի ընկերությունը հետաքրքրություն է ցուցաբերել հատկապես դպրոցաշինական ծրագրերի նկատմամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայկական կողմը կուղարկի անհրաժեշտ տեղեկատվական փաթեթներ, որոնցում ներառված կլինեն ծրագրերի վերաբերյալ մանրամասները, որից հետո ընկերության ներկայացուցիչները կայցելեն Հայաստան և տեղում կծանոթանան ծրագրերին։ Գագաթնաժողովի շրջանակներում նախարար Սանոսյանը հանդիպել է նաև Լարսեն և Թուբրո ընկերության փոխնախագահ Մադհավա Դասի հետ։ Հանդիպման ժամանակ ընկերությունը հետաքրքրություն է ցուցաբերել հատկապես էներգետիկ ոլորտում՝ մասնավորապես ենթակայանների շինարարության ոլորտում համագործակցության հնարավորության նկատմամբ։ Այս ընկերությունը աշխարհի առաջատար և զարգացող երկրներում հարուստ փորձ ունի էներգետիկ կայանների և փոխանցման գծերի կառուցման գործում։ Նախարար Սանոսյանը նույնպես շեշտադրել է էներգետիկ ոլորտում փոխգործակցության կարևորությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում արդեն Հայաստանում ծանոթանալ համագործակցության հնարավորություններին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: